«Հայաթ Թահրիր աշ-Շամի» առաջնորդը ծանր վիրավորում է ստացել. նա կոմայի մեջ է
«Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբավորման առաջնորդ Աբու Մուհամադ ալ-Ջուլանին (իսկական անունը՝ Մուհամադ Հուսեյն աշ-Շարաա) գլխի ծանր վիրավորում է ստացել սիրիական Իդլիբում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, հաղորդում է РИА Новости-ն՝ թուրքական բժշկական աղբյուրին հղումով:
«Երեկ երեկոյան (երկուշաբթի – Tert.am) սիրիական Իդլիբ քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով գլխի ծանր վիրավորում ստացած անձը տեղափոխվել է Հաթայ նահանգի Անթաքիա քաղաքի (Թուրքիա – Tert.am) պետական հիվանդանոց», - հայտնել է աղբյուրը՝ հավելելով, որ տուժածը, որին արդեն վիրահատել են, գլխի բեկորային վնասվածք է ստացել, ինչն էլ հանգեցրել է գլխուղեղի ցնցման:
«Այն մարդը, որին երեկ Անթաքիա քաղաքի պետական հիվանդանոց են տեղափոխել, ահաբեկիչ Աբու Մուհամադ ալ-Ջուլանին է», - ընդգծել է նա: Աղբյուրի խոսքով՝ ալ-Ջուլանին գտնվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում: Նրա վիճակը գնահատվում է ծանր, նա կոմայի մեջ է:
Նշենք, որ «Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբավորումն ստեղծվել է «Ջեբհաթ ան-Նուսրայի» հիման վրա, որն էլ իր հերթին հանդիսանում է «Ալ-Քաիդայի» ստորաբաժանումը Սիրիայում և Լիբանանում: