Huawei-ը ներկայացրել է 2600 դոլարանոց ծալովի սմարթֆոնը (լուսանկարներ)
Չինական Huawei ընկերությունը Xiaomi-ի հետևից ներկայացրել է 5G տեխնոլոգիայով աշխատող իր նորագույն ծալովի սմարթֆոնը, որն ստացել է Huawei Mate X անվանումը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով ընկերության պաշտոնական էջը սոցցանցում:
«Ողջույն ապագային: Դիմավորեք Huawei-ի ծալովի 5G-սմարթֆոնի առաջին մոդելը», - ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ բացված վիճակում սմարթֆոնի էկրանի անկյունագծի երկարությունը կազմում է 8 դյույմ: Հեռախոսը բավականին արագ է լիցքավորվում՝ կես ժամում հասնելով 85 տոկոս լիցքավորման:
Բացի այդ, սմարթֆոնն առանձնանում է օգտատերերի տվյալների պաշտպանության մեխանիզմով թվայնացման օգնությամբ: Սմարթֆոնը համալրված է 8 ԳԲ օպերատիվ, 512 ԳԲ ներկառուցվող հիշողությամբ:
Huawei Mate X մոդելը համադրում է սմարթֆոնի և պլանշետի գործառույթները: Ծալված վիճակում էկրանի անկյունագիծը կազմում է 6,6 դյույմ: Իսկ արժեքը կազմում է 2600 դոլար:
Սմարթֆոնը ցուցադրվել է նաև Բարսելոնայի տեխնոլոգիական շոուի ժամանակ: Այն վաճառքի կհանվի 2019-ի կեսերին:
Հիշեցնենք, որ օրեր առաջ իր երկար սպասված Galaxy Fold ծալովի սմարթֆոնը ներկայացրել էր հարավկորեական Samsung ընկերությունը: Իսկ այսօր ավելի վաղ Բարսելոնայում իր 5G տեխնոլոգիայով աշխատող սմարթֆոնն է ներկայացրել չինական Xiaomi-ին: