43-ամյա ամերիկուհին մեղադրել է Թրամփին իրեն բռնի կերպով համբուրել փորձելու համար
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի նախկին աշխատակից Ալվա Ջոնսոնը հայտարարել է, որ ԱՄՆ առաջնորդը առանց թույլտվության համբուրել է նրան 2016-ին Ֆլորիդայում կայացած հանրահավաքի ժամանակ, գրում է The Washington Post-ը:
Հայտնի է, որ Ջոնսոնն արդեն հայց է ներկայացրել նախագահի դեմ, իսկ Սպիտակ տանը նրա մեղադրանքները շտապել են որակել «առաջին հայացքից աբսուրդային»:
Իր հայցում ամերիկուհին պնդել է, որ Թրամփը բռնել է նրա ձեռքն ու խոնարհվել, որ համբուրի նրա շուրթերը:
«Ես միանգամից զգացի ինձ նվաստացած, քանի որ չէի սպասում նման բան և չէի ուզում դա: Ես դեռ տեսնում եմ, թե ինչպես են նրա շուրթերը մոտենում իմ դեմքին», - նշել է Ջոնսոնը:
Բացի դրանից, 43-ամյա Ջոնսոնը, որը նաև 4 երեխաների մայր է, մեղադրել է Թրամփի նախընտրական շտաբին խտրականության դրսևորման մեջ: Նրա խոսքով՝ իրեն վճարել են ավելի քիչ, քան մյուս աշխատակիցներին, որոնք ի տարբերություն նրա սպիտակամաշկ էին: