Իտալիայի նախագահը ներողություն է խնդրել Իսպանիայի թագավորից երկրի օրհներգի կատարման ժամանակ թույլ տված սխալի համար
Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելան ներողություն է խնդրել Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI-ից և նրա հորից՝ Խուան Կառլոս I-ից, այն բանի համար, որ Նեապոլում տեղի ունեցած միջոցառման ժամանակ սխալմամբ հնչել է երկրի՝ 1928-ին գրված բառերով օրհներգը:
Ինչպես գրում է ТАСС գործակալությունը, ստեղծագործությունը հնչել է Սան Կառլո օպերային թատրոնում՝ իտալացի նախագահի, նրա պորտուգալացի գործընկերոջ՝ Մարսելու Ռեբելու դի Սոզայի և իսպանացի միապետի և նրա հոր ներկայությամբ:
Հնչած օրհներգի տեքստը գրվել է Խոսե Մարիա Պեմանի կողմից: Անհարմար իրավիճակից հետո ինչպես Իտալիայի նախագահը, այնպես էլ թատրոնի ներկայացուցիչը ներողություն են խնդրել:
Իսպանիայի օրհներգը հանդիսանում է հնագույներից մեկն աշխարհում: Ներկայում այն պաշտոնական տեքստ չունի:
1928-ին Խոսե Մարիա Պեմանն օրհներգի բառերը գրել է բռնապետ Միգել Պրիմո դե Ռիվերայի խնդրանքով: