ԱՄՆ-ն ցանկանում է բանակցություններ վարել Իրանի հետ նոր համաձայնագրի վերաբերյալ
Վաշինգտոնը ցանկանում է նոր պայմանագրի շուրջ բանակցություններ վարել Իրանի հետ: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ալ-Արաբիա» սաուդյան հեռուստաալիքին հեռախոսային հարցազրույցի ժամանակ ասել է Իրանի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուկը:
«ԱՄՆ-ն ցանկանում է բանակցել Իրանի հետ նոր պայմանագրի վերաբերյալ: Դրա կնքման պարագայում այն կներկայացվի Կոնգրեսի վավերացմանը որպես համաձայնագիր», - ասել է Հուկը:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն պատերազմ չի ուզում Իրանի հետ և առավելագույն ջանք կգործադրի, որպեսզի ստիպի նրան փոխել վարքագիծը:
Հիշեցնենք, որ Իրանն այսօր հայտարարել է, որ դադարեցնում է մի շարք պարտավորվածությունների իրագործումը իրանական միջուկային ծրագրի շուրջ 2015-ին կնքված Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շրջանակներում: Այս հայտարարությամբ Թեհրանը հանդես է եկել նույն օրը, երբ մեկ տարի առաջ ԱՄՆ-ն հայտարարեց միջուկային գործարքից դուրս գալու մասին: