Կա բումերանգի էֆեկտ, եթե չեմպիոն ենք դարձել, ուրեմն արժանի ենք. Վարդան Մինասյան
«Արարատ-Արմենիան» Հայաստանի ֆուտբոլի Բարձրագույն խմբի առաջնությանը մասնակցելու առաջին իսկ մրցաշրջանում նվաճեց չեմպիոնի տիտղոսը: Տիտղոսի համար «Փյունիկի» հետ լարված պայքարը հանգուցալուծվեց միայն վերջին տուրում. «Արարատ-Արմենիան» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով հաղթեց «Բանանցին» և 1 միավորով շրջանցեց «Փյունիկին»:
Ինչպես հայտնում է Armsport-ը, խաղից հետո իր տպավորությունների մասին է խոսել նորընծա չեմպիոնի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը: Նա նշել է, որ գրեթե անթերի հանդես եկան թե պաշտպանությունում, թե հարձակման գծում և արժանիորեն հաղթեցին թե այս խաղը, թե առաջնությունը: Հանդերձարանում տոնական մթնոլորտ է և նրանցից մեծ մասի համար սա առաջին չեմպիոնությունն է:
Պատասխանելով այն հարցին, որ այս հաղթանակից հետո միշտ խոսելու են «Լոռի»-«Փյունիկ» խաղի, մրցավարի կոպիտ սխալի մասին, Մինասյանը նշել է.
«Ընդհանրապես, կա բումերանգի էֆեկտ: Մարդ ինչ տալիս է, այն էլ ստանում է: Եթե մենք այսօր չեմպիոն ենք դարձել, ուրեմն արժանի ենք դրան: Իսկ ինչ են խոսում շրջապատում. թող ամեն մեկը նախ իրեն նայի հայելու մեջ, նոր հետո խոսի: Ամենավատը գիտե՞ք ինչն է. երբ երկրպագուն, ֆուտբոլիստը ինչ-որ հայտարարություն է անում, դա ինչ-որ տեղ հասկանում ենք, էմոցիա է: Բայց երբ թիմի ղեկավարն անպատասխանատու հայտարարություն է անում, դա արդեն անլրջություն է: Կարող եմ ասել, որ մենք 100 տոկոսով արժանի ենք այս հաղթանակին:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչպես ենք պատրաստվելու Չեմպիոնների լիգայի խաղարկությանը, ասեմ, որ մեր թիմում ֆուտբոլիստներ կան, որոնք պետք է հեռանան: Դա մեզնից կախված չէ, որքան էլ ցանկանում ենք պահել նրանց: Հիմա մեր սելեկցիոն բաժինն աշխատանքներ է տանում թիմը նոր ֆուտբոլիստներով համալրելու համար: Տեսնենք՝ ինչ կստացվի: Համենայնդեպս, ակումբի ղեկավարությունն ամեն ինչ անում է դրա համար»,- նշել է մարզիչը: