Տեղյակ եմ «Արարատ»-ի մասին, գիտեմ նրա պատմությունն ու չեմպիոնությունը. Բուլատով
Երևանի «Արարատ»-ի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Սերգեյ Բուլատովը: 47-ամյա ռուս մասնագետը պայմանագիր է կնքել մեկ տարով և մոտ օրերս կժամանի Երևան: Բուլատովը մարզչական կարիերայի ընթացքում աշխատել է «Ուրալ», «Շիննիկ», «Սախալին» ակումբներում: Վերջին ակումբը եղել է ռուսական «Ֆակել»-ը:
«Կարծում եմ` Երևանում գրեթե բոլորը գոհ չեն այն արդյունքներից, որն ունեցել է «Արարատը»: Նրանք ցանկանում են, որ ակումբը՝ այդպիսի հնչեղ անվանումով, միշտ հաղթի ու լինի բարձունքում: Հույս ունեմ՝ այն փոփոխությունները, որ կլինեն ակումբում, կհանգեցնի նման դրական արդյունքի և թիմը կսկսի հաղթել ու վերադառնալ նախկին բարձունքին:
Ծնվել եմ 1972 թվականին ու այդ տարիներին սովետական ֆուտբոլում իշխում էին Թբիլիսիի «Դինամո»-ն, «Պախտակոր»-ը, «Արարատ»-ը… Կային նաև հզոր ակումբներ Ուկրաինայից՝ Կիևի «Դինամո»-ն, «Շախտյոր»-ը: Դրանք սովետական ֆուտբոլի ոսկե տարիներն էին, իսկ «Արարատ»-ն զգալի դեր էր խաղում այդ ամենի մեջ: Իհարկե, ես տեղյակ եմ «Արարատի» մասին, գիտեմ նրա պատմությունն ու չեմպիոնության մասին: Մեծ սպասելիքներ ունեմ և կարծում եմ, որ ամեն ինչ լավ է լինելու»,- ակումբի լրատվական բաժնի հետ զրույցում ասել է Բուլատովը: