ԱՄՆ-ն հետախուզական նոր տեղեկատվություն կտրամադրի Մերձավոր Արևելքի երկրներին
Իրանի հարցերով ԱՄՆ պետքարտուղարության հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուկը շրջագայություն կկատարի Մերձավոր Արևելքում, տարածաշրջանում երկրներին կտրամադրի հետախուզական նոր տեղեկատվություն` Թեհրանի կողմից հնչող «սպառնալիքների» վերաբերյալ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
«Հուկը երկկողմ հանդիպումներ կանցկացնի Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Քուվեյթի, Օմանի Սուլթանության և Բահրեյնի Թագավորության հետ: Կներկայացնի Իրանի կողմից առկա ագրեսիան տարածաշրջանում, այդ թվում` հարձակումը նավթային լցանավերի վրա»,- գրված է հայտարարությունում:
Նշվում է, որ դրանից հետո Հուկը կուղևորվի Փարիզ` քննարկելու Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Բանակցությունները նախատեսված են հունիսի 27-ին:
Հիշեցնենք, որ հունիսի 13-ին Օմանի ծոցում հարձակում էր տեղի ունեցել երկու նավթային լցանավի վրա: Որոշ տվյալների համաձայն՝ ենթադրյալ հարձակումը տեղի է ունեցել ականակիր նավից, ինչի հետևանքով լցանավերում պայթյուններ են որոտացել և հրդեհ է բռնկվել, սակայն պաշտոնապես չի հաստատվել, թե միջադեպի պատճառը հենց դա է: