15-ամյա Կորի Գաուֆը շարունակում է հրաշքներ գործել․ ամերիկուհին Ուիմբլդոնի մրցաշարի 1/8 եզրափակչում է
Լոնդոնում շարունակվում է Թենիսի Մեծ սաղավարտի տարվա երրորդ մրցաշարը՝ Ուիմբլդոնը։ Մեկնարկել են 1/16 եզրափակչի խաղերը։ Կանանց մենախաղի գլխավոր հայտնությունը՝ 15-ամյա Կորի Գաուֆը, շարունակում է հրաշքներ գործել։ Ամերիկուհին այս անգամ մրցել է Սլովենիայի ներկայացուցիչ Պոլոնա Հերցոգի հետ։
Ինչպես հայտնում է Armsport-ը, առաջին սեթը Հերցոգը վերցրել է վստահ կերպով՝ 6-3։ Երկրորդ սեթում Գաուֆը պարտվել է սեփական մատուցման գեյմերից մեկը։ 3-5 և 4-5 հաշիվների ժամանակ Հերցոգը երեք «մաչ-փոյնթ» է ունեցել, ասել է թե, մեկ գնդակ է պակասել նրան` հեքիաթն ավարտելու համար։
Սակայն լոնդոնյան հրաշագեղ երեկոն դարձյալ ուներ մեկ տիրուհի, որի անունը Կորի Գաուֆ է։ Ամերիկուհի թենիսիստը, դրսևորելով կամային բացառիկ հատկանիշներ, հաղթել այն երկրորդ սեթի թայ-բրեյքում` 7-6(7):
Երրորդ՝ վճռորոշ սեթում, Գաուֆն առավելության է հասել 7-5 հաշվով՝ հանդիպումն ավարտելով առաջին իսկ «մաչ-փոյնթից»։ 1/8 եզրափակչում Կորի Գաուֆի մրցակիցը մրցաշարի գլխավոր ֆավորիտներից մեկն է՝ Սիմոնա Հալեպը։ Վերջինս երկու սեթում վստահ հաղթանակ է տարել Վիկտորիա Ազարենկոյի նկատմամբ։