«Դիմակը» ֆիլմը կարող է վերաէկրանավորվել՝ կին գլխավոր դերակատարի մասնակցությամբ
Ամերիկացի պրոդյուսեր Մայք Ռիչարդսոնը հայտնել է, որ ցանկանում է վերաէկրանավորել հայտնի «Դիմակը» (The Mask) ֆիլմը՝ գլխավոր դերի համար կին դերակատար ընտրելով, հաղորդում է ew.com-ը:
«Կցանկանայի այդ դերում հրաշալի կատակերգուի տեսնել: Անգամ արդեն գիտեմ՝ ում, սակայն առայժմ անուններ չեմ տա: Պետք է շատ ջանք թափենք նրան համոզելու համար… Տեսնենք, ապագան անկանխատեսելի է, մենք մի քանի գաղափար ունենք»,- ասել է պրոդյուսերը:
Հիշեցնենք, որ «Դիմակը» ֆիլմը էկրան է բարձրացել 25 տարի առաջ՝ 1994թ.-ի ամռանը: Ֆիլմի բյուջեն 23 մլն դոլար էր կազմել: Այն մեծ հաջողություններ էր գրանցել և ավելի քան 351 մլն դոլարի օգուտ բերել ստեղծողներին:
Ֆիլմի սյուժեով՝ բանկի համեստ, ամաչկոտ աշխատակից Սթենլի Իփքիսի մոտ, որին մարմնավորում է Ջիմ Քերին, ճակատագրի բերումով մի կախարդական դիմակ է հայտնվում, և նա ձեռք է բերում անխոցելի կոմիքսային հերոս դառնալու հնարավորություն։