ԵԼ-ի որակավորման առաջին փուլում «Բանանց»-ը խոշոր հաշվով պարտություն կրեց «Չուկարիչկի»-ից
Եվրոպա լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլի առաջին խաղն ավարտեց Երևանի «Բանանց»-ը: Թիմն արտագնա խաղում 3 անպատասխան գնդակ ընդունեց Բելգրադի «Չուկարիչկի»-ից: Ինչպես հայտնում է Armsport-ը, հանդիպման հիմնական մասում առավելությունը տանտերերի կողմն էր: Մրցակցի բազմաթիվ գրոհներին Ֆայզուլինի թիմը կարողացավ դիմանալ մինչև 42-րդ րոպեն:
Մի քանի դրվագում իրեն հրաշալի դրսևորեց Արամ Հայրապետյանը: Մի դեպքում մեր թիմին փրկեց դարպասաձողը, երբ մրցակիցը մոտ տարածությունից վրիպեց: Բայց 42-րդ րոպեին Հայրապետյանը ոչինչ չկարողացավ անել Սլոբոդան Տեդիչի հարվածից հետո:
Երկրորդ խաղակեսում առանձնապես ոչինչ չէր փոխվել թիմերի խաղում: «Բանանց»-ը երբեմն փորձում էր ինչ-որ բան անել, սակայն շատ արագ հակագրոհներ էր բաց թողնում: 80-րդ րոպեին «Չուկարիչկի»-ն 2-րդ գնդակն ուղարկեց «Բանանց»-ի դարպասը: Աչքի ընկավ Ստեֆան Կովաչը:
Խաղի վերջնամասն անցավ թեժացած կրքերով: Խաղադաշտում թեթև բախում եղավ, որի պատճառով դեղին քարտով պատժվեց Անդրանիկ Ոսկանյանը: Հիմնական ժամանակին ավելացված 2-րդ րոպեին «Բանանց»-ի դարպասում հայտնվեց 3-րդ գոլը: Դուբլ ձևակերպեց Տեդիչը:
Պատասխան խաղից առաջ «Բանանց»-ը հայտնվեց ծանր կացության մեջ: Երևանում խաղը կկայանա հուլիսի 16-ին: