Մեծ Բրիտանիան սպառնացել է մեծացնել ռազմական ներկայությունն Իրանի ափերին
Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ջերեմի Հանթը հայտարարել է, որ Իրանը պետք է պատրաստ լինի իր ափերի մոտ ռազմական ներկայության մեծացմանը, եթե շարունակի իրեն «վտանգավոր» կերպով դրսևորել, գրում է ria.ru-ն: Նրա խոսքով՝ Մեծ Բրիտանիան ստիպված կլինի արձագանքել Իրանի գործողություններին՝ պահպանելով իր շահերը:
«Եթե Իրանը մնա այս վտանգավոր ճանապարհին, պետք է հասկանա, որ դրա գինը երկրի ափերի մոտ ավելի մեծ ռազմական ներկայությունը կլինի: Ոչ թե նրա համար, որ մենք ցանկանում ենք մեծացնել լարվածությունը, այլ նրա համար, որ նավագնացության ազատությունը սկզբունք է, որը Մեծ Բրիտանիան ու իր դաշնակիցները միշտ կպահպանեն»,- ասել է Հանթը խորհրդարանում ելույթի ժամանակ:
Նախարարն ընդգծել է, որ պատասխան միջոցառումների մասին հայտնում է «ծանր սրտով»: «Մենք չենք ձգտում առճակատվել Իրանի հետ, մենք փնտրում ենք տարաձայնությունները հարթելու բոլոր հնարավոր ձևերը»,- հավելել է նա:
Հիշեցնենք, որ հուլիսի 19-ի երեկոյան Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը Հորմուզի նեղուցում՝ Իրանի տարածքային ջրերում, բրիտանական լցանավ էր կալանել՝ այն ուղեկցելով Բենդեր Աբբաս նավահանգիստ: Լցանավի անձնակազմի 23 անդամները շարունակում են մնալ նավի վրա: Իրանական իշխանությունները հայտարարել են, որ նրանք առողջ են:
Այս միջադեպն իրանական իշխանությունների պատասխանն էր հուլիսի 4-ին Մեծ Բրիտանիային պատկանող Ջրբրալթարի նեղուցի մոտ իրանական նավթային լցանավի կալանմանը: Grace 1 նավին կասկածել էին ԵՄ-ի՝ Սիրիայի դեմ պատճամիջոցների խախտման համար: