Եվրամիությունը դատապարտել է ԱՄՆ դաշնային իշխանությունների՝ կրկին մահապատիժ կիրառելու որոշումը
ԱՄՆ դաշնային իշխանությունների՝ 16-ամյա դադարից հետո մահապատիժը կրկին գործի դնելու որոշումը հակասում է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրին: ինչպես գրում է ՏԱՍՍ գործակալությունը, նման հայտարարությամբ է հանդես եկել Եվրամիության արտաքին քաղաքականության ծառայությունը:
«Փաստացիորեն 16 տարվա դադարից հետո ԱՄՆ արդարադատության նախարարությունը հաղորդել է, որ դաշնային կառավարությունը կրկին մահապատիժ կկիրառի: Այս որոշումը հակասում է ամբողջ աշխարհում պատժի այդ տեսակի վերացման ընդլայնվող միտումներին: Մահապատիժը խլում է մարդու՝ կյանքի անձեռնմխելի իրավունքը, դա դաժան, անմարդկային և մարդկային հասարակության նվաստացնող պատիժ է»,- ասված է հայտարարության մեջ:
Հաղորդման մեջ ընդգծվում է, որ Եվրամիությունը կտրականապես դատապարտում է մահապատիժը և կշարունակի պայքարել դրա վերացման դեմ:
Հիշեցնենք, որ երեկ ԱՄՆ արդարդատության նախարարության տարածած հայտարարության համաձայն՝ 2019թ.-ի դեկտեմբերի 9-ից սկսած նախատեսվում է 5 բանտարկյալի մահապատժի ենթարկել, որոնք մեղավոր են ճանաչվել սպանությունների համար:
Washington Post պարբերականի վկայությամբ՝ վերջին անգամ Միացյալ Նահանգներում մահապատիժ իրականացվել է 2003թ.-ին: Դրանից ի վեր ոչ պաշտոնական դադար է եղել, քանի որ մահաբեր ներարկումների օրենքների վերաբերյալ համաձայնություն չի եղել: Չնայած մահապաժի կիրառման՝ դաշնային մակարդակով դադարին, վերջին տարիներին այն իրականացվել է մի շարք նահանգների իշխանությունների մակարդակով: