ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն խոշոր պարգևավճար է սահմանել «վարդագույն ավազակուհու» մասին տեղեկության համար
ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն 10 000 դոլար պարգևավճար է սահմանել «վարդագույն ավազակուհու» մասին տեղեկության համար, որն արդեն 4 բանկ է կողոպտել:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով ամերիկյան աղբյուրին, ՀԴԲ-ի տեղեկություններով՝ երիտասարդ կինը վարդագույն պայուսակ է ունեցել իր մոտ: Հենց դա էլ պատճառ է հանդիսացել, որ իրավապահները նրան անվանել են «վարդագույն ավազակուհի»: Բոլոր կողոպուտներն իրականացվել են ԱՄՆ արևելյան ափին գտնվող նահանգներում՝ Փենսիլվանիա, Դելավեր և Հյուսիսային Կարոլինա:
Բոլոր «հարձակումները» միևնույն եղանակով են կատարվել. բանկում կինը մոտեցել է պատուհանիկին և աշխատակցին գրություն ցույց տվել՝ պահանջելով իրեն հանձնել գումարը: Աղբյուրը չի մասնավորեցնում, թե այդկերպ նրան որքան գումար է հաջողվել ստանալ: