85-ամյա հեռուստալրագրող Լարի Քինգը որոշել է 8-րդ անգամ ամուսնալուծվել
Ամերիկացի հայտնի հեռուստալրագրող Լարի Քինգը 22 տարվա համատեղ կյանքից հետո մտադիր է 8-րդ անգամ ամուսնալուծվել, այս անգամ իր 7-րդ կնոջ՝ Շոն Սաուտուիկի հետ: Այս նպատակով նա ադեն դիմել է Լոս Անջելեսի գերագույն դատարան, գրում է Associated Press-ը:
Լրագրողը Շոն Սաուտուիկի հետ ծանոթացել է 1997թ.-ին: Զույգը նույն թվականին ամուսնացել է: Սաուտուիկը, որը Քինգից երիտասարդ է 26 տարով, մինչ լրագրողի կինը դառնալը հայտնի է եղել որպես մոդել, երգչուհի և դերասանուհի: Զույգը 2 համատեղ երեխա ունի՝ 20-ամյա Չանսն ու 19-ամյա Քենոն Էդվարդը:
Քինգը նախկինում ամուսնացած է եղել 8 անգամ՝ 7 տարբեր կանանց հետ: Նրա ամենաերկար ամուսնությունը ներկայիս կնոջ հետ է եղել, իսկ թե ինչն է դարձել ամուսնալուծության որոշում կայացնելու պատճառ, հայտնի չէ:
Հեռուստալրագրողն առաջին անգամ ամուսնացել է 19 տարեկանում իր ուսանողական սիրո հետ, որից, սակայն, մեկ տարի անց բաժանվել է ծնողների անհամաձայնության պատճառով: Հաջորդ անգամ նա ամուսնացել է 10 տարի անց՝ Անետ Քայի հետ, սակայն այս շուտով լքել է հղի կնոջը՝ երկար ժամանակ չցանկանալով ընդունել երեխային:
Քինգի հաջորդ կինը Playboy-ի մոդել Ալին Ակինսն է եղել, որից նա մոտ մեկ տարի անց բաժանվել է և մի քանի տարի անց կրկին ամուսնացել վերջինիս հետ: Մինչ Ակինսի հետ երկրորդ ամուսնությունը Քինգը հասցրել է ամուսնանալ ևս մեկ անգամ՝ Միկկի Սաթֆինի հետ, որից դուստր ունի:
Հետագայում լրագրողը մոտ 7 տարի ամուսնացած է եղել մաթեմատիկայի ուսուցչուհի Շերոն Լեպորի հետ, իսկ ամուսնալուծությունից 6 տարի անց ամուսնացել է Ջուլի Ալեկսանդեր անունով գործարար կնոջ հետ:
Հատկանշական է, որ գրեթե բոլոր դեպքերում Քինգն ամուսնանալու որոշում է կայացրել սիրելի կանանց հետ ծանոթանալու նույն տարում: