Օդային տագնապի ազդանշաններ են հնչել Նեթանյահուի ելույթի ժամանակ. վարչապետին տարհանել են
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի նախընտրական քարոզարշավը, որն անցկացվում է Աշդոդ քաղաքում, ընդհատվել է օդային տագնապի ազդանշաններով:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով բանակի մամլո ծառայությանը, հրթիռակոծման մասին նախազգուշացման համակարգը միացել է Իսրայելի հարավային շրջանում: Ականատեսների խոսքով՝ պայթյուններ են որոտացել:
Ազդանշանները հնչել են Աշդոդ և Աշկելոն քաղաքներում: Նեթանյահուին տարհանել են բեմից և անվտանգ վայր տեղափոխել: Ընդհատելով իր ելույթը՝ վարչապետը «Լիկուդ» կուսակցության ակտիվիստներին, որոնք ներկա էին միջոցառմանը, հանգստության կոչ է արել:
The Times of Israel պարբերականի տվյալներով՝ 5 հրթիռ է արձակվել Գազայի հատվածից Աշդոդ և Աշկելոն քաղաքների ուղղությամբ, որոնցից առնվազն մեկը որսացել է «Երկաթյա գմբեթ» ՀՕՊ համակարգը: Հաղորդվում է, որ կատարվածի հետևանքով տուժածներ չկան: