ԱՄՆ կոնգրեսականները պետքարտուղարին և պաշտպանության նախարարին կոչ են արել «անհապաղ դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին»
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներ, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովի համանախագահներ Ֆրանկ Փալոնեն, Ջեքի Շպայերը, փոխնախագահ Ադամ Շիֆն ԱՄՆ կառավարությունից պահանջել են «անմիջապես դադարեցնել Ադրբեջանին հատկացվող ռազմական օգնությունը»: Այս մասին հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:
Սեպտեմբերի 27-ին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին և պաշտպանության նախարար Մարկ Էսպերին հասցեագրված նամակում կոնգրեսականները, մատնանշելով Պենտագոնի կողմից Բաքվին հատկացվող միջոցների ավելացումը, կոչ են արել վերանայել ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին կատարած հատկացումների կատարողական և համապարփակ զեկույցը, ինչպես նախատեսված է օրենքով:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանության է արժանացրել կոնգրեսական Բրեդ Շերմանի ներկայացրած առաջարկը, որով արգելվում է ամերիկյան պաշտպանական որոշակի տեխնիկայի փոխանցումը Բաքվին, որը կարող է օգտագործվել ադրբեջանական կառավարության կողմից Ստեփանակերտի օդանավակայանում գործող քաղաքացիական ինքնաթիռները խոցելու համար: