Հյուսիսային Կորեան մինչև տարեվերջ դադարեցրել է բանակցություններն ԱՄՆ-ի հետ
Հյուսիսային Կորեայի ԱԳՆ հատուկ հանձնարարականների հարցով դեսպան Կիմ Մեն Գիլը հայտարարել է ԱՄՆ նեկայացուցիչների հետ բանակցությունների խափանման մասին:
Ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն, հյուսիսկորեացի պաշտոնյան հայտնել է, որ երկու երկրների միջև բանակցությունների ապագայի պատասխանատվությունն ընկած է ԱՄՆ իշխանությունների վրա: Ամերիկյան կողմից բանակցություններին ներկա է եղել Հյուսիսային Կորեայի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Բիգենը:
Նշվում է, որ բանակցություններն անցկացվել են Ստոկհոլմում: ԱՄՆ և ԿԺԴՀ ներկայացուցիչների հանդիպման նպատակը Սինգապուրում 2018-ի հունիսին տեղի ունեցած ԱՄՆ-ԿԺԴՀ գագաթնաժողովի շրջանակներում ձեռք բերված համաձայնագրի իրագործման առաջխաղացումն էր:
«Մենք հիասթափված ենք, որ ԱՄՆ-ն ոչինչ չի դրել բանակցային սեղանին»,- ասել է Գիլը: Վերջինս հավելել է, որ երկրների միջև հետագա բանակցությունները դադարեցվում են մինչև 2019-ի ավարտը, և խորհուրդ է տվել ամերիկյան կողմին վերանայել իր դիրքորոշումը: