Քադիրովն ընդգրկվել է Ռուսաստանի ռեկորդների գրքում
Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը հայտնվել է Ռուսաստանի ռեկորդների գրքում տարվա ընթացքում գրանցված ռեկորդներին ներկա գտնվելու թվով: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով ռեկորդների գրքի գլխավոր խմբագիր Ստանիսլավ Կոնենկոյին:
«Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը ռեկորդ է սահմանել՝ որպես Ռուսաստանի շրջանի ղեկավար, որը ներկա է գտնվել ամենամեծ թվով ռեկորդների, որոնք սահմանվել են տարբեր օրերի մեկ տարվա ընթացքում»,- մեկնաբանել է Կոնենկոն:
Վերջինիս խոսքով՝ վկայագիրը երեքշաբթի Ռեկորդների գրքի յոթամյակի տոնակատարության արարողության ժամանակ Մոսկվայում կհանձնվի Չեչնիայի սպորտի նախարար Մուսա Խանարիկովին, որը ներկա կլինի միջոցառմանը:
Հիշեցնենք, որ նախօրեին ՌԴ հայտնի հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովն ընդգրկվել էր Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում: