Դատարանը երկարաձգել է իրենց հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերի խափանման միջոցը
Մոսկվայի քաղաքային դատարանը հոկտեմբերի 24-ին կայացած նիստում երկարաձգել է իրենց հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերի դեմ ընդունված խափանման միջոցը՝ որոշ գործողությունների արգելքի տեսքով:
Ինչպես հայտնում է Russia Today-ը, դատարանը վճռել է բավարարել հետաքննության միջնորդությունը և երկարաձգել որոշ գործողությունների արգելքը մինչև դեկտեմբերի 28-ը:
Քույրերը պարտավորվում են ժամանակին ներկայանալ քննիչին և դատարան, նրանց արգելվում է դուրս գալ տնից գիշերային ժամերին: Նշվում է, որ գործի քննությունն ավարտվել է, աղջիկները ծանոթանում են նյութերին:
Նշվում է, որ ավելի վաղ սպանված Միխայիլ Խաչատուրյանի զարմիկը՝ Արսենը, հայտարարել էր, որ դեմ չի լինի, եթե դատարանը մեղադրյալներին առավելագույն խիստ դատավճիռ ներկայացնի:
Հիշեցնենք, որ նախօրեին ՌԴ Քննչական կոմիտեն երկու ամսով երկարաձգել էր Խաչատուրյան քույրերի նկատմամբ քրեական գործի նախաքննության ժամկետը: 57- ամյա Միխայիլ Խաչատուրյանի մարմինը հայտնաբերվել էր իր տանը 2018-ի օգոստոսին: