Ամերիկացի կահույքագործն աշխատանքի ընթացքում 7 սմ երկարությամբ մեխը մխրճել է կրծքավանդակի մեջ
ԱՄՆ Տեխաս նահանգում բնակվող վարպետը կահույքի պատրաստման համար փայտի մշակմամբ զբաղվելիս քիչ է մնացել զրկվեր կյանքից:
Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, Աարոն անունով տղամարդը նոր պատվերի վրա աշխատելիս է եղել իր արհեստանոցում, երբ մեխ խփող ատրճանակը խցանվել է: Փորձելով հասկանալ, թե ինչ տեղի ունեցավ գործիքի հետ, 20 տարվա աշխատանքային փորձ ունեցող ամերիկացին թեքվել է դեպի այն:
Մինչ կհասկանար, թե ինչ է կատարվում, մեխը հանկարծակիորեն դուրս է թռչել ատրճանակից՝ մխրճվելով ուղիղ կրծքավանդակի մեջ: 7.5 սմ երկարություն ունեցող մեխն անցել է սրտի կողքով:
Աարոնը, կենտրոնացնելով ուժերը, դուրս է քաշել մեխն ու ուշագնաց եղել: Նրա գործընկերը, որն այդ պահին կողքին է եղել, անմիջապես շտապօգնություն է կանչել:
Վիրահատությունից հետո բժիշկը խոստովանել է, որ կահույքագործը հրաշքով է ողջ մնացել: Նրա խոսքով՝ ծակած վերքի պարագայում վնասվածք հասցրած առարկան դուրս հանելը խստիվ արգելվում է, քանի որ այն կանխում է արյունահոսությունը:
Բախտի բերմամբ, մեխը չէր վնասել կենսական նշանակության որևէ օրգան: Մեկ ամիս բուժումներ ստանալուց հետո տղամարդը վերադարձել է իր աշխատանքին և կրկին օգտագործում է մեխ խփող ատրճանակը: