Բրիտանուհին կոմայի մեջ է հայտնվել իր կատվի հասցրած վնասվածքի պատճառով
Անգլիական Բրիստոլ քաղաքի բնակչուհի Շիրլի Հեյրը կարող էր կյանքին հրաժեշտ տալ, երբ Չան անունով կատուն ճանկռել է նրա ձեռքը:
Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, կինն աշխատելիս է եղել իր այգում, երբ կատուն ճանկռել է ձեռքի մաշկը: Սիամական ցեղատեսակի կատվի պատճառով առաջացած վերքից վարակ է անցել: Կարճ ժամանակ անց վերքը կտրուկ կարմրել է, իսկ 65-ամյա բրիտանուհու ինքնազգացողությունը վատթարացել է. գլխապտույտ և մկանային ցավեր է ունեցել: Մի քանի օր անց ձեռքն սկսել է սևանալ:
Շիրլիին հոսպիտալացրել են, որից հետո նրա մոտ ախտորոշել են սեպսիս, բակտերիալ շոկ, ներքին օրգանների խափանում և բորբոքում: Բժիշկները ստիպված են եղել կնոջն արհեստական կոմայի մեջ գցել հինգ օրով և կտրել ձեռքի վնասված մակերեսի մի մասը: Ընդհանուր առմամբ, կինը հիվանդանոցում երկու ամիս է անցկացրել:
Նա լրագրողներին հայտնել է, որ կատվին գնել է 400 ֆունտով, երբ կենդանին 10 ամսական էր: Նրա խոսքով՝ կատուն միշտ ագրեսիվ է եղել և անընդհատ հարձակվել է տիրուհու վրա: Տուն վերադառնալուց հետո կինը կատվին տվել է իր դուստրերից մեկին: