Երևանը ճանապարհորդությունների զարդն է. Forbes-ը քաղաքում շրջելու և փառատոններին մասնակցելու ուղեցույց է ներկայացրել
Հեղինակավոր Forbes ամսագրի՝ զբոսաշրջային ուղևորությունների բաժնում հոդված է հրապարակվել Երևանի մասին, որում մեր մայրաքաղաքը ներկայացվում է որպես «ճանապարհորդության զարդ»:
Հոդվածագիրը Երևանը բնութագրում է որպես ընդհանուր առմամբ ապահով, ընկերական և կենսուրախ քաղաք՝ գրավիչ ճարտարապետությամբ և հարուստ պատմությամբ: «Վարդագույն քաղաք» անունը կրող Երևանում քայլելիս շատ հետաքրքրություններ կարելի է գտնել»,- նկատում է հոդվածագիրը:
Նա խորհուրդ է տալիս զբոսանքն սկսել 1980-ին կառուցված Կասկադ համալիրից, որը միացնում է քաղաքի երկու մասերը և ներկայանում է որպես արվեստների կենտրոն: Հեղինակի երթուղին անցնում է Օպերայի մոտով և հասնում Հանրապետության Հրապարակ, որտեղ խորհուրդ է տալիս անպայման տեսնել «Երգող շատրվանները»:
Ռեստորաններից նա առանձնացրել է «Դոլմաման», որը հայտնի է դարձել բազմաթիվ ճանաչված արտասահմանցի հյուրերով, որոնց թվում են Բորիս Ելցինը, Հիլարի Քլինթոնը, Ժերար Դեպարդիեն, Մայքլ Քեյնը, Ջորջ Քլունին, Ուելսի արքայազնը, Քանյե Ուեսթը, Խուլիո Իգլեսիասը:
Երևանյան փառատոներից հոդվածի հեղինակը կարևորել է «գինու օրեր» փառատոնը, որն այս տարի անցկացվել էր Սարյան փողոցի շրջակայքում: Նրա խոսքով՝ Երևանում գինու տոնակատարությունը մեծ ծաղկում է ապրել վերջին 5 տարում:
Անդրադառնալով ուտեստների ընտրությանը՝ հեղինակը խորհուրդ է տալիս համտեսել հայկական ճաշատեսակներ, ինչպես, օրինակ, ղափամա, լահմաջո, որն անվանում է «հայկական պիցցա», խորոված և գաթա: Նա հիշատակել է նաև Ախթալայում անցկացվող խորովածի փառատոնը: Իսկ մշակութային միջոցառումներից նրան տպավորել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնը:
Վերջում հոդվածի հեղինակը նշել է, որ դեպի Երևան ուղիղ չվերթներ կան 20 երկրներից, այդ թվում՝ Փարիզից: