Գևորգ Ղազարյանը չի մասնակցի Հունաստանի և Իտալիայի հավաքականների դեմ հանդիպումներին
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը չի օգնի ընտրանուն առաջիկա երկու հանդիպումներում։ Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
Հայաստանի ազգային հավաքականի՝ նոյեմբերի 11-ին կայացած առաջին մարզումից հետո Գևորգ Ղազարյանը թեթև ցավեր էր զգացել ծնկի հատվածում: Այդուհանդերձ, Ղազարյանը նոյեմբերի 12-ին ևս մասնակցել է մարզմանը, որից հետո ցավը կրկին իրեն զգացնել է տվել:
Նախնական հետազոտության արդյունքում պարզ է դարձել, որ Ղազարյանը ծնկի հետ կապված խնդիրներ ունի, ինչի պատճառով չի կարողանա մասնակցել Հունաստանի և Իտալիայի դեմ հանդիպումներին: