Պեկինի ոստիկանությունն իր շարքերը համալրել է վեց կլոնավորված շներով
Պեկինի ոստիկանությունը չորեքշաբթի իրենց շարքերը համալրել է վեց կլոնավորված շներով՝ նախորդ ոստիկանության շան գեները փոխանցելով նոր սերնդի շներին, գրում է China Daily-ն։
Աղբյուրը գրում է, որ իշխանություններն ընկերությունների հետ կլոնավորված շներ «արտադրելու» համար սկսել են համագործակցել այս տարեսկզբին։ Կլոնավորված շան ձագերը ծնվել են օգոստոսին։ Ըստ հաղորդման՝ նրանց ԴՆԹ-ն ավելի քան 99 տոկոսով նույնական է դոնոր շներին։
Ոստիկանության աշխատակիցներից մեկը պարբերականին պատմել է, որ շների կլոնավորմանն ուղղված ջանքերն առաջնահերթություն են եղել իշխանությունների համար։ Նրա խոսքով՝ շները ցույց են տալիս միևնույն ունակությունները և հմտությունները։
Աղբյուրը գրում է, որ Չինաստանի իշխանությունները կլոնավորման են դիմել շների ուսուցման ժամանակը կրճատելու նպատակով։ Ոստիկանության շների վարժեցումը Չինաստանում սովորաբար տևում է հինգ տարի և արժե մոտ 75,000 դոլար։