Որովայնի ձախ կեսի կտրած վերք ախտորոշմամբ հիվանդանոց տեղափոխված 25-ամյա երիտասարդը փորձել է մոլորեցնել ոստիկաններին` ասելով, թե վայր է ընկել. Shamshyan.com
Դեկտեմբերի 28-ին ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները բացահայտել են Երևանում տեղի ունեցած դանակահարության դեպքը:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 05:05-ի սահմաններում «Արաբկիր» բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին հայտնել են, որ որովայնի ձախ կեսի կտրած վերք ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, ով ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություններ տալու, իսկ նրան տեղափոխած քաղաքացին հայտնել է, որ վիրավորին հիվանդանոց է տեղափոխել «Երազ» բնակելի թաղամասից:
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի բնակիչ, 25-ամյա Մանուկ Անդրեասյանն է: Մինչ ոստիկանները պարզում էին դեպքի հանգամանքները, Մ. Անդրեասյանին տեղափոխել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Ոստիկանները պարզել են, որ Մ. Անդրեասյանը փորձել է մոլորեցնել բժիշկներին ու իրավապահներին, թե ինքը «Երազի» այգում վայր է ընկել և ստացել նշված վնասվածքը: Նշվում է, որ նույն օրը՝ ժամը 04:00-ի սահմաններում, Արաբկիր վարչական շրջանի Կոմիտաս 28 հասցեի դիմաց վիճաբանություն է տեղի ունեցել վիրավորի և Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի բնակիչ, 24-ամյա Գևորգ Վանեսյանի միջև, ով իր մոտ եղած դանակով հարվածել է Մ. Անդրեասյանի որովայնին:
Նույն օրը քրեական հետախույզները հայտնաբերում են Գ. Վանեսյանին, որը բերման է ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Ինչպես հայտնում է աղբյուրը, Գ. Վանեսյանն աշխատում է Երևան-Սևան ավտոճանապարհին գտնվող «Բալի» հյուրանոցային համալիրում՝ որպես մենեջեր: