Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղի 45-ամյա բնակիչը 27-ամյա համագյուղացուն վրաերթի է ենթարկել, ապա, թողնելով անօգնական, փախել. Shamshyan.com
Երեկ՝ հունվարի 2-ին, ժամը 20:00-ի սահմաններում, Վաղաշեն գյուղի գյուղամիջյան ճանապարհին, անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտն, նույն գյուղի բնակիչ, 27-ամյա Տարոն Ղազարյանին և նրան թողնելով անօգնական՝ դիմել փախուստի: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է Մարտունու բժշկական կենտրոն: Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, Մարտունու ոստիկաններն ու քննիչները, կատարելով հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, տաք հետքերով պարզել են վրաերթ կատարած վարորդի ինքնությունը:
Մարտունու ոստիկանները, մեկնելով կասկածյալի հնարավոր գտնվելու վայր, բացատրական աշխատանքների արդյունքում կարողացել են վարորդին հայտնաբերել. նա 45-ամյա Հայկ Դավթյանն է, որը եղել է Nissan Tiida մակնիշի ավտոմեքենայով:
Ավտոմեքենան քննիչի հանձնարարականով տեղափոխվել է ոստիկանության Մարտունու բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Կայքը հայտնում է, որ վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա եղել է ոչ սթափ վիճակում:
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի: