Սոլեյմանիի սպանության վայրում հուշարձան կկանգնեցվի
Բաղդադի օդանավակայանի մոտակայքում` իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի և իրանամետ «Ալ Հաշդ աշ-Շաաբի» շիա աշխարհազորայինների փոխհրամանատար Աբու Մահդի ալ Մուանդիսի սպանության վայրում հուշարձան կկանգնեցվի: Հուշարձանի կանգնեցման թույլտվությունը հունվարի 12-ին տվել է Իրաքի մշակույթի նախարարությունը, գրում է vesti.ru կայքը:
Զոհերի հիշատակն այս կերպով հավերժացնելու նախաձեռնությամբ հանդես է եկել Իրաքի խորհրդարանի զբոսաշրջության և մշակույթի հանձնաժողովի անդամ Ալի ալ Հմեյդաուին:
Երկրի մշակույթի նախարարը կարգադրել է Մշակույթի գլխավոր վարչությանը հանձնաժողով ստեղծել, մրցույթ հայտարարել և այս հարցով երկխոսություն սկսել քանդակագործների ասոցիացիայի հետ:
Հուշարձանի հստակ վայրը կորոշվի Քաղավիացիայի վարչության, շիա աշխարհազորայինների և Բաղդադի անվտանգության վարչության խորհրդակցությունների արդյունքում:
Հիշեցնենք, որ հունվարի 3-ին Բաղդադում ամերիկյան ավիահարվածի հետևանքով սպանվել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սոլեյմանին: Գեներալի սպանությունից հետո, Իրանի ԱԳՆ է կանչվել Շվեյցարիայի դեսպան Մարկուս Լեյթները, որը ներկայացնում է ԱՄՆ շահերը Թեհրանում: