ԱՄՆ-ում 80 տարեկանում կյանքից հեռացել է «Էլեկտրոնիկի արկածները» ֆիլմի ռեժիսոր Կոնստանտին Բրոմբերգը
Ամերիկյան Դետրոյթ քաղաքում 80 տարեկանում կյանքից հեռացել է խորհրդային կինոռեժիսոր, Ռուսաստանի Դաշնության վաստակավոր գործիչ Կոնստանտին Բրոմբերգը: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ռեժիսոր ու սցենարիստ Միխայիլ Իդովը:
«Երկու օր առաջ Դետրոյթում մահացել է ռեժիսոր Կոնստանտին Բրոմբերգը` «Էլեկտրոնիկի արկածները» և «Կախարդները» («Чародеи») խորհրդային մեգահիթերի ռեժիսորը»,- գրել է նա:
Նա ընդգծել է, որ իր ծնողները մտերիմ են եղել Բրոմբերգի հետ:
Բրոմբերգը ծնվել է 1939 թվականին, Խարկովում: Իր առաջին ֆիլմը` կարճամետրաժ «Կոլկա Պավլյուկովի երկար օրը», թողարկել է 1968 թվականին:
ԱՄՆ տեղափոխվելուց հետո, նա կինոգործունեությամբ չի զբաղվել: