Մեր երկրին այսօր ամենաշատը խաղաղություն է պետք. ծնողները պիտի իրենց զավակներին հանգիստ սրտով ճանապարհեն բանակ. Գուժ Մանուկյան (տեսանյութ)
«Ամեն տարի մենք նորության ենք սպասում, ու թեև ժամանակը գնում է, ամեն տարի գրեթե նույնն է: Հիմա ես առաջնահերթորեն խաղաղություն եմ ցանկանում մեր երկրին, սեր և միաբանություն, որ ամեն օրը ծանր չնստի մարդկանց վրա: 2020-ը կարծում եմ, շրջադարձային կլինի մեր ժողովրդի համար»: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման նման կարծիք է հայտնել դերասան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը:
«Մարդը բյուրեղյա մաքրություն պիտի ունենա: Դա մարդու խառնվածքից է կախված: Ես ում տեսնում եմ, ասում եմ՝ լավ մարդ է, բոլորի մեջ լավն եմ տեսնում, ինչպես փոքր երեխան»:
Մանուկյանը լավատեսորեն է տրամադրված երիտասարդ թատերական գործիչների նկատմամբ, երբեմն գնում է պրեմիերաների և շնորհավորում դերասաններին ու բեմադրիչներին. «Երջանկանում եմ, երբ լավ բան եմ տեսնում: Վերջերս մեր թատրոնում մի պրեմիերա էր, մի երկու բառ ասացի, ոգևորեցի անձնակազմին, զգացի, որ դերասանները նվիրված են: Կարևոր է, որ չէի կեղծում ինքս ինձ»:
Դերասանի կարծիքով՝ եթե մարդուն տրված է որևէ հնարավորություն, պետք է լիովին նվիրվել գործին՝ անկախ հանգամանքներից. «Իմ երիտասարդ տարիների և այսօրվա աշխատանքի զգացողությունն ինձ համար նույնն է: Թատրոնի բնույթն ինձ համար անփոփոխ է, թեև կյանքը շատ է փոխվել: Ես այդ փոփոխություններին վերապահումով եմ մոտենում, քանի որ թատերասեր մարդը միշտ էլ թատերասեր է»:
Գուժ Մանուկյանի պնդմամբ՝ իսկական դերասանը պետք է դահլիճին իր ուզած ճանապարհով տանի, ինքն էլ փորձել է անել այնպես, որ իր խոսքը լինի ազդեցիկ, ճշմարիտ, բնական, ոչ թե փողոցային, այլ գրական հայերեն:
«Ինձ անհանգստացնում է մարդկանց վերաբերմունքը միմյանց նկատմամբ, չարացածությունը: Առաջ այդպես չէր: Սեփականատիրական ինչ-որ զգացողություններ են գերիշխում, մարդն էգոիստ է դարձել: Մտածում են՝ աղբը որտեղ ուզում է թող լինի, կարևորը՝ իմ տնից, դռնից հեռու լինի»:
Դերասանի կարծիքով՝ մեր հանրությունը նախանձախնդրություն ու սեր չունի հարազատ երկրի ու քաղաքի նկատմամբ. «Ինչո՞ւ ես վառում սեփական վերելակը, որով երթևեկում ես: Գնում ենք արտասահման՝ փոխվում ենք, իսկ այստեղ՝ ագրեսիվանում: Ինչո՞ւ ենք փչացնում մերը: Տարիներ առաջ եղա Դանիայում, Շվեդիայում, նախանձով էի նայում նրանց՝ Գիքորի պես»:
«Երբ Ալբերտ Մկրտչյանի «Տխուր փողոցի լուսաբացն» էր նկարահանվում, գիշերը Գյումրիին էի նայում ու տխրում՝ Հայաստանի երկրորդ քաղաքն է, ու այս վիճա՞կը՝ մթություն, կեղտ, տնակներ: Բա վրացին այդպես կնայե՞ր իր երկրորդ քաղաքին: Ամեն ինչ հո Երևանի համար չէ՞»:
«Մեր երկրին այսօր ամենաշատը խաղաղություն է պետք, որ ծնողներն իրենց զավակներին հանգիստ սրտով բանակ ճանապարհեն»,- ամփոփել է դերասանը:
Դավիթ Սարգսյան