ՆԱՍԱ-ի շարքերը համալրած 13 նոր տիեզերագնացները Մարս ուղևորվելու առաջին առաքելության թեկնածուներն են
ՆԱՍԱ-ի աշխատանքներին են միացել 13 նոր տիեզերագնացներ, որոնց շարքում է առաջին կինը (որը կմասնակցի Լուսին մեկնող առաքելությանը), ինչպես նաև Մարս ոտք դնել պատրաստվող առաջին կանայք և տղամարդիկ: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
Թեկնածուները, որոնք մարզվել են 2017-ից ի վեր, մասնակցել են տիեզերագնացների առաջին հանրային ավարտական միջոցառմանը Ամերիկյան տիեզերական գործակալության հյուսթոնյան կենտրոնակայանում:
Խմբում ընդգրկված է 6 կին և 7 տղամարդ, որոնցից երկուսը Կանադայի տիեզերական գործակալության մասնագետներ են: Նրանց բոլորին ընտրել են ռեկորդային՝ ավելի քան 18,000 դիմորդներից:
Արարողության ժամանակ տիեզերագնացներին են հանձնել ՆԱՍԱ-ի՝ 1959-ին ստեղծված «Մերկուրի 7» առաջին տիեզերագնացների խումբը խորհրդանշող արծաթյա կրծքանշանները: Նրանք կպարգևատրվեն ոսկյա կրծքանշաններով, երբ ավարտին հասցնեն իրենց առաջին տիեզերական թռիչքները:
ՆԱՍԱ-ն նախատեսում է Լուսին մեկնող խմբի առաքելությունն իրականացնել 2024-ին, իսկ Մարսում մարդու ներկայությունը նախանշված է կյանքի կոչել 2030-ականներին: