Tesla-ի արժեթղթերի գինն առաջին անգամ գերազանցել է 500 դոլարի շեմը. այժմ ընկերությունը գնահատվում է 91 մլրդ դոլար
Ամերիկյան Tesla ընկերության արժեթղթերի գինը ավտոբրենդի գոյության ընթացքում առաջին անգամ գերազանցել է 500 դոլարը, հայտնում է dailymail.co.uk-ը:
Ըստ պարբերականի՝ ընկերության արժեթղթերի գինը հասել է 518 դոլար ցուցանիշի, ինչի արդյունքում էլեկտրական մեքենաների արտադրությամբ զբաղվող Tesla-ի շուկայական արժեքը հասել է 91 մլրդ դոլարի: Ի դեպ, այս ցուցանիշը շատ ավելի բարձր է, քան մեքենաշինական ոլորտի «հսկաներից» երկուսի՝ General Motors-ի և Ford-ի ընդհանուր շուկայական արժեքը:
Աղբյուրը մանրամասնում է, որ ընկերության արժեթղթերի գնի աճը պայմանավորված է երկու փաստով. նախ՝ Oppenheimer & Co ընկերության վերլուծաբան Քոլին Ռաշը Tesla-ի արժեթղթերի գնային թիրախը 385 դոլարից բարձրացրել էր 612 դոլարի և երկրորդ՝ Չինաստանի իշխանություններն օրերս հայտարարել են, որ այս տարի չեն պատրաստվում էականորեն կրճատել էլեկտրականությամբ աշխատող փոխադրամիջոցներ արտադրող ընկերությունների սուբսիդիաները: