2019-ին ավտոմեքենաների համաշխարհային վաճառքը նվազել է
Համաշխարհային մեքենաշինական արդյունաբերությունը 2019-ին առավել խոր անկում է գրանցել. վաճառքի ցուցանիշները նվազել են ավելի քան 4 տոկոսով, մինչ ավտոարտադրողները փորձում են հաճախորդներ գրավել Չինաստանում և Հնդկաստանում: Այս մասին հայտնում է CNN-ը՝ նշելով, որ կանխատեսումների համաձայն՝ նվազման միտումը կշարունակվի նաև այս տարի:
Անցյալ տարի համաշխարհային խոշոր շուկաներում վաճառված տրանսպորտային միջոցների քանակը նվազել է՝ հասնելով 90.3 մլն-ի՝ ըստ LMC Automotive ընկերության վերլուծաբանների: 2018-ին այդ ցուցանիշը կազմել էր 94.4 մլն, իսկ 2017-ին՝ ռեկորդային 95.2 մլն մեքենա:
Նշվում է, որ վաճառքի ծավալների անկումն ուղեկցվում է համաշխարհային տնտեսության համար հետևանքներով: Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալների համաձայն՝ մեքենաշինական արդյունաբերության մասնաբաժինը կազմում է տնտեսական արդյունաբերության 5.7 տոկոսը և ապրանքների արտահանման 8 տոկոսը: Մեքենաշինական ոլորտը պողպատի և ալյումինի երկրորդ խոշորագույն սպառողն է: