Իմաստը ո՞րն էր Սարհատ Պետրոսյանին, Հովհաննես Քոչարյանին նեղացնելու. Էդգար Առաքելյան
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Էդգար Առաքելյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է.
«Իմաստը ո՞րն էր Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանին նեղացնելու ու հեշտուհանգիստ համակարգից բաց թողնելու, եթե էն գլխից էլ պարզ էր, որ մարդը ճշգրիտ նկարագրում է քաղաքաշինության ոլորտում ստեղծված իրավիճակը ու դրա պատասխանատուներին: Ինչը և ապացուցվեց այդ կոմիտեի ղեկավարի այսօրվա ձերբակալության փաստով:
Իմաստը ո՞րն էր ոստիկանապետի տեղակալ Հովհաննես Քոչարյանին նեղացնելու ու հեշտուհանգիստ համակարգից բաց թողնելու, եթե շատ չանցած հենց իր ասածով էլ վարվելու էին:
Առհասարակ, ինչպե՞ս կարելի է չգիտակցել, որ ցանկացած դրական փոփոխության շարժիչը պարկեշտ, պրոֆեսիոնալ, սեփական արժեհամակարգն ու պատկերացումներն ունեցող անհատներն են, այլ ոչ հլուհնազանդ միջակությունները: Եվ որ հետևաբար այդպիսի մարդկանց աչքի լույսի նման պետք է փայփայել, որևէ պաշտոնում վերադասի կամ գործընկերոջ հետ անհամատեղելի խնդիրների դեպքում` փոխատեղումներ կատարել, այլ տարբերակներ փնտրել, բայց ոչ երբեք անմիջապես հաշտվել նրանց հեռացման հետ, ինչին որ անընդհատ ականատես ենք լինում հեղափոխությունից հետո:
Բոլորս էլ գիտենք, որ լավ կադրերը մեր երկրի փողոցներում առանձնապես չեն «վխտում», գրեթե բոլոր ոլորտներում և հատկապես` պետական ու իրավապահ մարմիններում մասնագետների իրական սով է: Մեկ լավ կադր կորցնելու դեպքում բացը համալրելը կարող է շաբաթների, երբեմն նույնիսկ ամիսների գործ լինել, կամ էլ` առհասարակ անհնարին առաքելություն:
Բացի վերը նշված երկու պաշտոնյաներից ինձ համար խիստ ցավոտ են եղել նաև մի շարք փոխնախարարների հրաժարականները կամ ազատումները: Հատկապես որ նրանք ոչ միայն այլ պետական պաշտոնի դրանից հետո չեն անցել, այլև ինձ հասած տեղեկություններով` նույնիսկ սկսել են մտորել արտագաղթի մասին:
Չկարևորել, մատների արանքով նայել կադրային քաղաքականությանը, ուշադրության չարժանացնել թիմակիցների անհանգստություններն ու մտահոգությունները` այդպիսով նրանց մոտ առաջացնելւվ անտեսված ու ճնշված հոգեվիճակ, նշանակում է ճանապարհ հարթել դեպի ձախողում: Ամեն ինչ այդքան տագնապալի չէր թվա, եթե կառավարող թիմի հնարավոր ձախողումը միայն իրենը լիներ, այլ ոչ մեր ամբողջ ժողովրդինը: Հետևաբար օր առաջ պետք է արմատապես վերանայել մինչ այժմ եղած մոտեցումները:
Հ.Գ. Խնդրում եմ ասվածը չարտածել իմ անձի վրա և առհասարակ երևակայական տեսություններ չերկնել սույն գրառման թաքնված շահադիտական մտադրությունների մասին: Ես զբաղվում եմ իմ սիրելի գործով և որևէ այլ տեղ, քան ՏՏ-ն է, ինձ չեմ պատկերացնում: Գոնե` առայժմ»։