ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին նոր մականուն է ձեռք բերել Թրամփի ելույթի տեքստը պատռելուց հետո
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին նոր մականուն է ձեռք բերել պալատում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ամենամյա ելույթից և իրենց միջև լարված շփումից հետո:
Ինչպես հայտնում է CNN-ը, ամերիկյան քաղաքական շրջանակներում, ինչպես նաև համացանցում սկսել են անվանել «Նենսի մոլագարը» (Nancy the Ripper): Ի դեպ, այդպես նրան բնորոշել են ինչպես քննադատները, այնպես էլ երկրպագուները: Այդ մականունը նա ստացել է Թրամփի ելույթի տեքստը պատռելու շնորհիվ, ինչն ակնհայտորեն դուր է եկել իր հետևորդներից շատերին։
Հիշեցնենք, որ Թրամփը նախօրեին հանդես է եկել Կոնգրեսին ուղղված ամենամյա ելույթով, որի մեկնարկին հրաժարվել է սեղմել Փելոսիի՝ իրեն մեկնված ձեռքը: Երկրի ղեկավարն անտեսել է նրան և դեմքի դժգոհ արտահայտությամբ մեջքով շրջվել Փելոսիին: Թրամփի քայլից ապշած` Փելոսին նյարդային ժպտացել է և ի պատասխան հրապարակավ պատռել նրա ելույթի տեքստը: