Ալիևի կուսակցությունը կստանա պատգամավորական մանդատների մեծամասնությունը խորհրդարանի նոր կամզում. Ադրբեջանում հրապարակվել են առաջին էքզիթփոլի արդյունքները
Ադրբեջանում ավարտվել է քվեարկությունն արտահերթ խորհրդարանական ընտրություններում: Բոլոր 5573 ընտրատեղամասերը փակվել են: Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը, մասնակցության հայտն ընտրություններում 17:00-ի դրությամբ կազմել է 44,84 տոկոս:
Ըստ ընտրություններից հետո հրապարակված հարցման արդյունքների՝ «Ենի Ադրբեջան» («Նոր Ադրբեջան») իշխող կուսակցությունը, որը գլխավորում է երկրի նախագահ Իլհամ Ալիևը, կարող է խորհրդարանի նոր կազմում ամենից շատ պատգամավորական մանդատներ ստանալ: Այս մասին վկայում են ամերիկյան Arthur J. Finkelstein & Associates կազմակերպության էքզիթփոլի արդյունքները:
«Մեր հաշվարկներով՝ «Ենի Ադրբեջան» կուսակցության թեկնածուները ստացել են ձայների մեծամասնությունը 125-ից 69 ընտրական շրջաններում»,- ասել է կազմակերպության ներկայացուցիչը:
Ադրբեջանի օրենսդիր մարմնում 125 տեղի համար ԿԸՀ-ի տվյալներով 1314 մարդ է պայքարում: Նրանցից 11-ին առաջադրել են ընտրողների նախաձեռնող խմբերը, 246-ին՝ քաղաքական 19 կուսակցությունները, 1051-ն ինքնառաջադրվածներ են:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դեկտեմբերի 5-ին ստորագրել էր Միլլի մեջլիսի (խորհրդարան) 5-րդ գումարման կազմի լուծարման մասին հրամանագիրը՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակելով փետրվարի 9-ին: Լուծարման մասին որոշման նախաձեռնությունը պատկանում է խորհրդարանական մեծամասնությանը, որի կարծիքով՝ Միլի մեջլիսը չի դիմանում երկրի ղեկավարի առաջադրած խնդիրների և բարեփոխումների իրագործման բարձր տեմպին և չի կարող արդյունավետ կերպով կատարել իր գործառույթները: