2019-ին ՀՀ-ում գրանցվել է 26,850 հանցագործության դեպք՝ նախորդ տարվա համեմատ 2172-ով ավելի
2019 թ. ընթացքում Հայաստանում գրանցվել է ընդհանուր առմամբ 26,850 հանցագործության դեպք, ինչը 2172-ով ավելի է 2018 թ. ցուցանիշից՝ 24,678 դեպք: Այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայությունից:
Հատկապես աճել է սեփականության դեմ ուղղված հանցագործությունների թիվը. նախորդ տարի գրանցվել է 14,199 դեպք՝ 2018 թ. 12,056-ի համեմատ: Տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունները նույն ժամանակահատվածում ավելացել են 288-ով՝ 636-ից դառնալով 924:
Հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունները ևս աճել են: Եթե 2019 թ. գրանցվել է այս հանցատեսակի 3987 դեպք, ապա 2018 թ. ցուցանիշը կազմել է 3526:
Փոխարենը 2019 թ. նվազել են մարդու (անձի) դեմ ուղղված հանցագործությունները: 2019 թ. գրանցվել է 4293 դեպք, իսկ 2018 թ.՝ 4964: Պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունները ևս նախորդ տարի ավելի քիչ են եղել, քան 2018 թ.՝ 3055 դեպք՝ 3261-ի համեմատ:
Գրանցված հանցագործությունների քանակն ըստ հանցատեսակների`
Պետական եկամուտների կոմիտեի ամփոփ տեղեկատվության համաձայն, 2019թ. համակարգում մուտքագրվել է 647 հետաքննության նյութ, որը 2018թ. նյութերի մնացորդի հետ կազմել է 652: Այդ նյութերն ունեցել են հետևյալ շարժը. 367-ի նկատմամբ հարուցվել է քրեական գործ, 276-ի վերաբերյալ մերժվել է քրեական գործի հարուցումը, 6-ը` վերադարձվել է՝ ըստ ենթակայության: Նյութերի մնացորդը հաշվետու ժամանակաշրջանի վերջում կազմել է 3: Հետաքննության ընթացքում վերականգնվել է 333,3 մլն. դրամ:
Ազգային վիճակագրական ծառայությունը նաև հրապարակել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության և Ճանապարհային ոստիկանության տեղեկություններն արտակարգ դեպքերի վերաբերյալ: Մասնավորապես, 2019թ. ՀՀ-ում գրանցվել է 20,889 արտակարգ դեպք, տուժել է 12,929 մարդ (427 զոհ, 12,502 վիրավոր), տարհանվել` 4748, փրկվել՝ 363 մարդ: