Գիտնականները հստակեցրել են կորոնավիրուսի տարածման գագաթնակետի ժամկետները
Մասնագետները կարծում են, որ Չինաստանում տարածված նոր տեսակի կորոնավիրուսն իր գագաթնակետին կհասնի փետրվարի երկրորդ կեսին: Ինչպես հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Bloomberg-ին, նման եզրակացության են եկել Լոնդոնի Հիգիենայի և արևադարձային բժշկության դպրոցի գիտնականները:
Ինչպես նշվում է, բարդ է հստակ ամսաթիվ հայտնել, թե երբ հիվանդությունը կհասնի գագաթնակետին, քանի որ վիրուսի շուրջ տիրող իրավիճակը բավականին անորոշ է: Հետազոտության մեջ ասվում է, որ նոր կորոնավիրուսը, հավանաբար, վարակել է չինական Ուհան քաղաքի յուրաքանչյուր 20-րդ բնակչին:
«Կարելի է ենթադրել, որ գագաթնակետի պահին Ուհանում կհիվանդանան քաղաքա բնակչության ևս 5 տոկոսը, այսինքն՝ մոտ 500 000 հազար մարդ»,- մասնավորեցրել է մասնագետը:
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի տարածման մասին հայտնի է դարձել դեկտեմբերի 31-ին: Հունվարի 31-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի շուրջ ստեղծված իրավիճակն անվանել է միջազգային նշանակության արտակարգ դրություն: Վերջին տվյալների համաձայն՝ վիրուսակիր է ավելի քան 37 500 մարդ, իսկ հիվանդությունից մահացածների թիվը կազմում է 813: Եվս 2600 մարդ բուժվել է: