Իրանը սեփական արտադրության արբանյակն ուղեծիր դուրս բերելու անհաջող փորձ է կատարել
Իրանը չի կարողացել ուղեծիր դուրս բերել սեփական արտադրության «Զաֆար» արբանյակը «Սիմորգ» հրթիռակրի օգնությամբ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով իրանական պետական հեռուստառադիոընկերությանը:
Իրանի ՊՆ հայտարարության մեջ ասվում է, որ հրթիռակիրը հաջողությամբ տիեզերք է դուրս բերել «Զաֆար» արբանյակը, սակայն հրթիռը չի կարողացել հավաքել այն ուղեծիր հասցնելու համար անհրաժեշտ արագությունը:
Նախորդ անգամ` 2019-ի հունվարին, Իրանին չէր հաջողվել մի քանի արբանյակներ դուրս բերել ուղեծիր: Այն ժամանակ այդ փորձը քննադատել էին մի շարք երկրներ, որոնք նշել էին, որ Իրանի գործողությունները չեն համապատասխանում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևին, քանի որ դրանց իրականացման համար հրթիռակիրներ են օգտագործվել:
Ըստ ԱՄՆ-ի և մի շարք այլ երկրների՝ տվյալ բանաձևն արգելում է Իրանին հրթիռներ արձակել: