«5-րդ» ալիքի սեփականատեր Արմեն Թավադյանին երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդություն է ներկայացվել. երաշխավորողները 10-ն են
«5-րդ» ալիք հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու մասին նոր միջնորդություն է ներկայացվել Դատախազություն։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արմեն Թավադյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը։
Արմեն Թավադյանի համար երաշխավորել են՝ ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը, ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը, քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը, «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանը, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը, ռազմական-քաղաքական գործիչ Գևորգ Գևորգյանը, քաղաքական վերլուծաբան, ՀԽ անդամ Արծրուն Պեպանյանը, գրող, հրապարակախոս Սպարտակ Ղարաբաղցյանը, «5-րդ» ալիք հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանը։
Հովհաննես Խուդոյանը հայտնեց, որ բացի անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու մասին միջնորդությունից, բողոքարկվել է նաև Արմեն Թավադյանի գույքի վրա կալանք դնելու մասին ՀՔԾ քննիչի որոշումը։
Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ենթադրյալ աջակից Վարուժան Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով: Նշված քրեական գործի շրջանակներում նույն հոդվածով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով դեկտեմբերի 24-ին ձերբակալվել է Արմեն Թավադյանը, իսկ դեկտեմբերի 26-ին կալանավորվել է: