Հարավային Աֆրիկայում մտադիր են ժամանակակից «Նոյյան տապան» կառուցել՝ կենդանական և բուսական աշխարհը փրկելու համար
Հարավաֆրիկյան Հանրապետության տարածքում մտադիր են ինքնատիպ էկոհամակարգ ունեցող կենտրոն կառուցել, որտեղ կներկայացվեն ծովային կենդանական և բուսական աշխարհի վտանգված ցեղատեսակները:
Ինչպես նշում է Euronews-ը, նախաձեռնության նպատակն է պահպանել մոլորակի վրա ապրող յուրաքանչյուր կենդանու, ինչպես նաև բուսականությունը: Նախագիծը ստացել է «Ժամանակակից Նոյյան տապան» անվանումը:
Ըստ նախագծի՝ կենտրոնը կազմված կլինի գմբեթի տեսք ունեցող կառույցներից, որոնք կնմանեցվեն կենդանիների բնակմիջավայրին: Բացի այդ, «Ժամանակակից Նոյյան տապանը» կներառի աշխարհի ամենամեծ ակվարիումը:
Ըստ նախագծի հեղինակների՝ խորհրդանշական անվանում ստացած կենտրոնի նպատակն է պայքարել կենսաբազմազանության ներկա կորստի դեմ: Կառուցման աշխատանքները նախատեսում են սկսել 2020-ի օգոստոսին: Նախագիծը կյանքի կոչելու համար 5.5 մլրդ եվրո է անհրաժեշտ: