Համավարակի ճգնաժամը կդառնա աշխարհաքաղաքական ցնցում միջազգային հանրության համար. Ստոլտենբերգ
Կորոնավիրուսի համավարակով պայմանվորված ճգնաժամը կվերածվի աշխարհաքաղաքական ցնցման ողջ միջազգային հանրության համար: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Բրյուսելում՝ դաշինքի անդամ երկրների պաշտպանության նախարարների՝ տեսաժողովի միջոցով կայացած նիստի ավարտին:
«Մենք դիտարկեցինք առողջապահության ոլորտում ճգնաժամի երկարաժամկետ հետևանքները: Աշխարհաքաղաքական հետևանքները կարող են զգալի լինել, ճգնաժամը կդառնա աշխարհաքաղաքական ցնցում ամբողջ միջազգային հանրության համար»,- ասել է Ստոլտենբերգը:
Ստոլտենբերգի խոսքով՝ համավարակը իրենից աննախադեպ մարտահրավեր է ներկայացնում: «Այս ճգնաժամը խոր ազդեցություն է ունենում երկրների բնակչության և տնտեսության վրա: Միջազգային համակարգը ուժեղ ցնցումների է ենթարկվել: Համավարակը հիշեցրել է, որ բոլորը խոցելի են առողջապահության ճգնաժամի առաջ: Եվ այստեղ կան դասեր, որոնք պետք է քաղենք»,- ընդգծել է ՆԱՏՕ-ի ղեկավարը: