Ձեր գործունեության մեջ երկակի ստանդարտներ եմ տեսնում, Ձեր զեկույցը գնահատում եմ անբավարար. Վաղարշակ Հակոբյանը ՄԻՊ-ին խոհեմության և անաչառության կոչ արեց
21-րդ դարում՝ թավշյա հեղափոխությունից հետ, կանանց մասին խոսել երկու տողով, այն էլ նշելով, որ կինը մարդ է, այն էլ՝ արժանապատիվ, սա անթույլատրելի է: Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը՝ անրադառնալով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2019թ. զեկույցին:
Ըստ պատգամավորի՝ պետք է ավելի համապարփակ խոսվեր կանանց մասին, քանի որ բազմաթիվ ձեռքբերումներ կան կանանց իրավուքների առումով:
Նա նշեց, որ ՀՀ-ում իշխող հոգեբանական բռնության մթնոլորտի հանդեպ պաշտպանն ունի զրոյական վերաբերմունք: «Ես այստեղ միտում եմ տեսնում և ուզում եմ հստակ հասկանալ, որ Դուք աշխատել եք մինչև հեղափոխությունը և դրանից հետո, բայց այս իշխանությունը միակ լեգիտիմ իշխանությունն է, որի օրոք Դուք աշխատել եք: Ես Ձեր գործունեության մեջ երկակի ստանդարտներ եմ տեսնում: Ինչպես է լինում, որ Դուք կայծակնային արագությամբ Ձեր վերաբերմունքն եք արտահայտում այս ամբիոնից հնչեցրած մեր գործընկերոջ տեքստի նկատմամբ, բայց խորքային գնահատական չեք տալիս ստեղծված իրավիճակին: Ի՞նչ է, հակառակ կողմը նստած հաց ու սոխ էր ուտում, և մեր գործընկերը եկավ ու վիրավորական տեքստ հնեչեցրե՞ց: Ես Ձեզ խոհեմության, անաչառության և իրավիճակը ավելի խորքային նկարագրելու կոչ եմ անում»,-ասաց նա:
Վաղարշակ Հակոբյանը տեղեկացրեց, որ կիսով չափ որևէ պրոցեսի մեջ ներգրավվել չի կարելի, սա հստակ արժանանալու է քաղաքական գնահատականի: «Ըստ այդմ, ես՝ որպես ԱԺ պատգամավոր, շատ դեպքերում Ձեր պրակտիկ աշխատանքը գնահատում եմ բավարար, բայց Ձեր զեկույցը գնահատում եմ անբավարար»,-ասաց նա և նշեց, որ ավելի խորքային է հետևելու պաշտպանի աշխատանքներին և փորձելու է օգնության ձեռք մեկնել:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում նշեց, որ այսօր էլ կան կանայք, ովքեր իրենց իրավունքները չեն ճանաչում, երբ դահլիճից փորձեցին միջամտել նրա ասածներին, Նաիրա Զոհրաբյանը նշեց. «Ես ձեզ չեմ անդրադառնում և խնդրում եմ բացարձակ մի ոգևորվեք»: