Apple-ը մեկ ամսով հետաձգում է նորագույն iPhone-ների շնորհանդեսը. ԶԼՄ-ներ
Ամերիկյան Apple ընկերությունը կորոնավիրուսի համավարակի պատճառով նորագույն iPhone-ների շնորհանդեսը հետաձգում է մինչև հոկտեմբեր: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով տեխնոլոգիական հսկայի արտադրանքների մասին նորությունների հարցում մասնագիտացած պորտալին:
Աղբյուրի տվյալներով՝ համավարակը բացասական ազդեցություն է ունեցել Apple-ի աշխատանքի վրա՝ դանդաղեցնելով արտադրությունը: Արդյունքում ընկերության ղեկավարությունը որոշում է կայացրել նոր շարքի սմարթֆոնների շնորհանդեսը հետաձգել մինչև հոկտեմբերի սկիզբ: Իսկ վաճառքները կմեկնարկեն այս տարի ավելի ուշ:
Սովորաբար ընկերությունն իր նորագույն սմարթֆոնները ներկայացնում է սեպտեմբերի կեսերին, իսկ վաճառքը մեկնարկում է նույն ամսվա վերջին:
ԶԼՄ-ները նշում են, որ այս տարի ամերիկյան ընկերությունը նախատեսում է երկու նոր սմարթֆոն թողարկել՝ iPhone 12 և iPhone 12 Pro, որոնցից յուրաքանչյուրը կներկայացվի երկու չափսով: