Բացարձակ դատապարտելի է նորածին երեխային ուղղված ատելությունը. այդպիսի անձինք պետք է ենթարկվեն պատասխանատվության խիստ միջոցների. ՄԻՊ-ը՝ Տաթևիկ Ռևազյանին և նրա նորածին դստերը վերաբերող գրառման մասին
Այդ գրառումն ամբողջությամբ ատելության խոսք է, ամենախիստ դատապարտելի երևույթն է՝ մարդու, մայր դարձած կնոջ արժանապատվությունը բացարձակ ոնտահարող արտահայտություններով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ անդրադառնալով Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի և իր նորածին դստեր վերաբերյալ ֆեյսբուքյան գրառմանը:
«Հենց նոր տեսա Տաթևիկ Ռևազյանի և նրա նորածին դստեր հետ կապված ինչ-որ մի անձի բացարձակ անընդունելի, հակամարդկային ու հակաիրավական գրառումը։
Այդ գրառումն ամբողջությամբ ատելության խոսք է, ամենախիստ դատապարտելի երևույթն է՝ մարդու, մայր դարձած կնոջ արժանապատվությունը բացարձակ ոնտահարող արտահայտություններով։ Բացարձակ դատապարտելի է առավել ևս նորածին երեխային ուղղված ատելությունը։
Նման երևույթները պետք է ի սպառ բացառվեն, արմատախիլ արվեն, իսկ այդպիսի անձինք պետք է ենթարկվեն պատասխանատվության խիստ միջոցների։
Սոցիալական ցանցերի օգտատերերին խնդրում եմ այդ անձի գրառումը որևէ կերպ չօգտագործել հրապարակումներում՝ ատելության խոսք չտարածելու և նրա անձը առավել չհանրայնացնելու համար։
Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության սահմաններում կձեռնարկվեն բոլոր միջոցները, հարցը կլինի իմ անմիջական ուշադրության ներքո։
Առավոտյան ձեռնարկված քայլերի մասին կտեղեկացնեմ լրացուցիչ»,- գրել է նա։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Տաթևիկ Ռևազյանի առաջնեկը լույս աշխարհ է եկել: