Չինաստանի գործողությունների պատճառով ողջ աշխարհին հասցված վնասն ԱՄՆ-ն գնահատել է 9 տրիլիոն դոլար
Չինաստանի ներդրումը նոր տեսակի կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում պետք է կազմի ավելի քան 9 տրիլիոն դոլար: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին չորեքշաբթի օրը կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն:
«Չինաստանի ներդրումը համավարակի դեմ պայքարում չնչին է, եթե համեմատենք այն գնի հետ, որը նրանց պատճառով վճարել է աշխարհը: Այդ գինը ներառում է 90․000 ամերիկացիների կյանքերը, ավելի քան 36 մլն ամերիկացիների՝ աշխատանքից զրկվելը և 300․000 մահերը ողջ աշխարհում: Չինաստանի ներդրումը մեր հաշվարկներով պետք է լինի ավելի քան 9 տրիլիոն դոլար»,- ասել է ամերիկացի դիվանագետը:
Պոմպեոյի խոսքով՝ ԱՄՆ-ն, օրինակ 10.2 մլրդ դոլար է հատկացրել կորոնավիրուսով պայմանավորված հիվանդության տարածմանն արձագանքելուն ուղղված համաշխարհային միջոցառումներին, իսկ Չինաստանը՝ ընդամենը 2 մլրդ դոլար:
Մայիսի 18-ին Առողջապահության համաշխարհային վեհաժողովի 73-րդ ամենամյա նստաշրջանի բացմանը Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը հայտարարել էր, որ առաջիկա 2 տարում 2 մլրդ դոլար կհատկացնի կորոնավիրուսից տուժած երկրներին: