«Չինաստանը հուսահատորեն ցանկանում է, որ Բայդենը հաղթի նախագահական ընտրություններում, որպեսզի կարողանա կրկին թալանել Միացյալ Նահանգները»․ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Չինաստանին մեղադրել է ապատեղեկատվություն տարածելու համար, որն ուղղված է ԱՄՆ նախագահական մրցապայքարում դեմոկրատ Ջո Բայդենի հաղթանակն ապահովելուն, գրում է Daily Mail-ը։
Ընդ որում՝ ԱՄՆ նախագահը կրկին մեղադրանքներ է հնչեցրել Պեկինի հասցեին՝ ընդգծելով, որ պետությունն անհրաժեշտ միջոցներ չի ձեռնարկել ամբողջ աշխարհում կորոնավիրուսի տարածումը թույլ չտալու համար:
Թրամփի խոսքով՝ ցանկության դեպքում Չիանաստանի ղեկավարությունը կարող էր «հեշտությամբ կանգնեցնել աղետը, բայց չարեց»։
«Չինաստանը զանգվածային ապատեղեկատվության արշավ է վարում, քանի որ նրանք հուսահատորեն ցանկանում են, որ քնկոտ Ջո Բայդենը հաղթի նախագահական մրցավազքում, որպեսզի նրանք կարողանան շարունակել թալանել Միացյալ Նահանգները, ինչպես անում էին տասնամյակներ շարունակ՝ մինչև իմ նախագահ ընտրվելը»,- Twitter-ում գրել է ԱՄՆ նախագահը։
Ընդ որում, ինչպես նշել է ԱՄՆ-ի ղեկավարը, Չինաստանի «խայտառակ ապատեղեկատվական և քարոզչական հարձակումը» ԱՄՆ-ի և Եվրոպայի վրա նպատակ ունի շեղել միջազգային հանրության ուշադրությունը Covid-19-ից: