Կորոնավիրուսից մահացել է Սպիտակ տան նախկին աշխատակիցը, որը ծառայել է ԱՄՆ 11 նախագահներին
Սպիտակ տան նախկին աշխատակից Ուիլսոն Ռուզվելտ Ջերմանը, որը ծառայել է ԱՄՆ 11 նախագահներին, մահացել է կյանքի 92-րդ տարում: Այս մասին հայտնում է CNN-ը՝ նշելով, որ նրա մոտ կորոնավիրուս էր հայտնաբերվել:
Հանգուցյալի թոռնուհի Ջեմիլա Գարեթը հայտնել է, որ իր պապը Սպիտակ տանն աշխատել սկսել է որպես հավաքարար: Դա եղել է ԱՄՆ 34-րդ նախագահ Դուայթ Էյզենհաուերի օրոք: Այնուհետև նա պաշտոնի բարձրացում է ստացել 35-րդ նախագահ Ջոն Քենեդիի օրոք: Ջերմանն ավագ սպասավոր է դարձել Ժակլին Քենեդիի նախաձեռնությամբ:
Իսկ նախկին նախագահ Բարաք Օբամայի կինը՝ Միշելը, Ջերմանի հետ լուսանկարն ընդգրկել է իր վերջերս լույս տեսած հուշագրում, որը ստացել է Becoming անվանումը:
ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացել է ավելի քան 95 000 մարդ, վարակվել՝ ավելի քան 1.6 մլն-ը: