Իլոն Մասկը ԱՄՆ-ում կորոնավիրուսի վերաբերյալ վիճակագրությունը «կեղծ» է անվանել
Ամերիկացի ձեռնարկատեր, Tesla և SpaceX ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը Bloomberg Businessweek հրատարակությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ ապրիլի կեսերից ԱՄՆ-ում կորոնավիրուսով հիվանդների թվի հաշվարկներն անհուսալի են դարձել, քանի որ ընդհանուր վիճակագրության մեջ սկսել են ներառել կորոնավիրուսի նման ախտանիշներ ունեցող հիվանդներին:
«Ես կարծում եմ, որ վիճակագրությունը դարձել է անվստահելի, երբ նրանք սկսել են ցուցակում ներառել այն մարդկանց, որոնք կորոնավիրուսի թեստ չեն հանձնել, այլ պարզապես վարակի ախտանիշներ ունեն։ Վիճակագրությունը կեղծ է դարձել, հավանաբար, ապրիլի կեսերից»,- հայտարարել է Մասկը։
Նա նշել է, որ SpaceX-ի աշխատակիցների շրջանում վարակի լուրջ դեպքեր չեն արձանագրվել։
«SpaceX-ն այս ամբողջ ընթացքում շարունակել է աշխատել։ Մեզ մոտ ամբողջ համավարակի ընթացքում աշխատել է 8 հազար մարդ։ Եվ մենք չունենք վարակի լուրջ դեպքեր, չունենք նաև մահվան դեպք»,- ասել է Մասկը։
Ավելի վաղ Մասկը հանդես է եկել ԱՄՆ-ում կոորնավիրուսի համավարակի ֆոնին հայտարարված սահմանափակող միջոցների շուտափույթ չեղարկման կոչերով։
«Վերադարձրեք մարդկանց իրենց ազատությունը»,- գրել է Մասկը Twitter-ում։