ԱՀԿ-ն առաքելություն կուղարկի Չինաստան՝ կորոնավիրուսի ծագումն ուսումնասիրելու համար
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն առաքելություն կուղարկի Չինաստան՝ կորոնավիրուսի ծագումն ուսումնասիրելու նպատակով, սակայն այցելության ամսաթվերը դեռ չեն հստակեցվել: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասել է ԱՀԿ արտակարգ ծրագրերի ղեկավար Մայքլ Ռայանը:
«Մենք գտնվում ենք չինացի գործընկերների հետ բանակցությունների փուլում: Գիտական առաքելության հստակ ամսաթիվը դեռ չի որոշվել: Սակայն ակնկալում ենք առաքելության հնարավորինս շուտափույթ իրականացումը՝ տարբեր երկրների գիտնականների մասնակցությամբ»,- ասել է Ռայանը՝ հավելելով, որ առաքելության խնդիրը «վիրուսի ծագումը հասկանալն է»:
Վերջին տվյալների համաձայն՝ կորոնավիրուսով վարակվածների թիվը ողջ աշխարհում գերազանցել է 5.5 մլն-ը: Կորոնավիրուսով պայամանվորված հիվանդությունից մահացել է ավելի քան 348 հազար մարդ: